ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս
12:20 - 03 դեկտեմբերի, 2022

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ փոխգործակցում է կողմերի հետ, որպեսզի օգնի ապահովել խաղաղ ապագա Հարավային Կովկասում։ Պետքարտուղար Բլինքենն արդեն երկու եռակողմ հանդիպում է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նա նաեւ շարունակում է հեռախոսային կապ պահել կողմերի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ Ադրբեջանը հրաժարվել է բրյուսելյան բանակցություններից ու չի ցանկանում, որ Ֆրանսիան ներգրավվի, արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ներգրավվել այն կետից, որտեղից եվրոպացիները թողնում են գործընթացը, այսինքն՝ երբ Բրյուսելում հանդիպումը չի կայանա։
 
Փրայսն ասել է, որ վերջին հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները եւ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում։ Ըստ Փրայսի՝ նրանք երկուսն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին այդ նախարարական հանդիպումն անցկացնելու համար․
 
«Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը՝ ուղղված տեւական խաղաղության հաստատմանը եւ երկու երկրների միջեւ խնդիրների լուծմանը»։
 
Փրայսից, մասնավորապես, հետաքրքրվել են նաեւ՝ ԵՄ-ԱՄՆ երկխոսության ընթացքում արդյոք կողմերն անդրադարձե՞լ են հակամարտություններին, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը, եւ արդյոք ԵՄ պաշտոնյաների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտում կամ Սպիտակ տանը այս հակամարտությանն անդրադարձ եղե՞լ է։
 
Փրայսը, սակայն, չի մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկե՞լ են արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, թե ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել