Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ․ Արցախի ԱԳՆ
16:19 - 03 դեկտեմբերի, 2022

Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ժամեր շարունակ փակելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է․
 
«Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ:
 
Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
 
Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
 
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:
 
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել