Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների համար հաշվարկվող հավելումները կնվազեն բազային աշխատավարձի բարձրացման չափով

 |armenpress.am|
14:33 - 06 դեկտեմբերի, 2022

Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների համար հաշվարկվող հավելումները կնվազեն բազային աշխատավարձի բարձրացման չափով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցողների  համար հաշվարկվող լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

«Ըստ առաջարկի՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար մինչև այդ սահմանված 80 տոկոս հավելումն առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց խմբում նվազեցվում և  սահմանվում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար մինչև այդ սահմանված 70 տոկոս հավելումը՝ իբրև նույն խմբի պաշտոն զբաղեցնող անձ, նվազեցվում և դարձվում է 60 տոկոս»,- ասաց Քալաշյանը:

Նա հավելեց՝ Վերաքննիչ քրեական դատարանի, Կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների համար սահմանված 60 տոկոս հավելումը նվազեցվում և  դարձվում է 55 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը նվազեցվում և դարձվում է 92 տոկոս: Եվ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար մինչև այդ սահմանված 100 տոկոս հավելումն առաջարկվում է նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս:

Այս նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվում է՝ դառնալով 75 հազար դրամ, ինչը հանգեցրել է նրան, որ կառավարության կողմից առաջարկված Պետբյուջեի մասին նախագծով բազային աշխատավարձը սահմանվել է 83 հազար 200 դրամ, որը համապատասխանում է Վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պետք է կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100 տոկոսը: «Սա հանգեցնելու էր նրան, որ բոլորը աշխատավարձերը բազայինի համամասնությամբ պետք է բարձրանային: Եվ որպեսզի, այս հավելումներով պայմանավորված, լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանար, կառավարության կողմից այս առաջարկն է ներկայացվում»,- ասաց Քալաշյանը:

Նա նշեց, որ այդ նվազեցումներն առնվազն չեն հանգեցնում վերոնշյալ պաշտոնները զբաղեցնող անձանց համախառն եկամտի նվազեցմանը: Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել