Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
15:24 - 06 դեկտեմբերի, 2022

Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

 «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու իրեն հասանելիք պատգամավորական մանդատը: Հայրապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:

Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հայրապետյանը:

Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեության մեջ անդավաճան է մնալու  իր սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ:

«Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունում պատգամավորական թափուր հաստիքներ են մնացել այն բանից հետո, երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք անդամներ հայտարարեցին դաշինքից դուրս գալու և մանդատները վայր դնելու մասին: Դեկտեմբերի 5-ին պատգամավորական մանդատը վերցնելուց հրաժարվելու մասին էր հայտնել նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել