Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
17:12 - 06 դեկտեմբերի, 2022

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է գալիս, կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը օրերս մեկնել է Բաքու՝ ներկա գտնվելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ 

Հուլուսի Աքարը նշել է, թե երկու երկրները ընդհանուր են դիտարկում թե՛ ընկերներին, թե՛ թշնամիներին։ 

«Այս զգայուն գործընթացում մեր երկրների և մեր ազգի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն արդյունավետ, զսպող և հարգված բանակ ունենալու դեպքում»,- նշել է Աքարը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ կադրեր, սպառազինություն, տեխնիկա։

Աքարի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են, որոնք բոլոր տեսակի սպառնալիքների ու վտանգների ժամանակ միասին են․ 

«Երկրների միջև եղբայրական հարաբերությունների ամենալավ օրինակը ամբողջ աշխարհը տեսավ, երբ 30 տարի անց Ադրբեջանը ազատագրեց սեփական հողերը հայկական օկուպացիայից։ Այս հաղթանակի շնորհիվ, որը ձեռք է բերվել 30 տարվա համառության, հավատի և վճռականության արդյունքում, երկար տարիներ անց առաջին անգամ տարածաշրջանում մեծացան խաղաղության և կայունության հույսերը»,- նշել է Աքարը։

44-օրյա պատերազմի մասին խոսելիս Աքարը նշել է, թե «տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԵՄ-ն, Ադրբեջանի հաղթանակից հետո շտապեցին տարածաշրջան՝ Հայաստանին պաշտպանելու»․

«Սակայն ոչ ոք երբեք չպետք է մոռանա, որ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է։ Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ, Ադրբեջանի հետ ունենալով «երկու պետություն, մեկ ազգ» հասկացողությունը, գիտենք նաև, թե ինչպես պետք է լինել մեկ բանակ, մեկ ուժ, մեկ բռունցք։ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքը կամ սադրանքը դիտարկում ենք որպես երկու երկրներին ուղղված՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է այն գալիս։ Մեր ընկերն էլ, թշնամին էլ մեկ է: Թող ոչ ոք չկասկածի դրանում»,- ասել է Աքարը։

Աքարը նաև նշել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանն ու Ալիևը մեծ ջանքեր են գործադրել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար․

«Հույս ունենք, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեկնած ձեռքը կսեղմի։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղություն հաստատելու անկեղծ ջանքերին»,- նշել է Աքարը։ 

Աքարը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» կապ հաստատելուն՝ նշելով, թե այդպիսով տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն․ 

«Մեր անկեղծ ցանկությունն է վերականգնել երկաթուղային և ճանապարհային կապերը տարածաշրջանում, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, սկսել տնտեսական գործունեություն և հասնել հարաբերությունների կարգավորման ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերություններում: Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի մյուս դերակատարները ևս կնպաստեն բարեկեցիկ ապագայի ձևավորմանը, որտեղ երկրների միջև կլինի համագործակցություն ու համերաշխություն։ Ի վերջո Թուրքիան, ինչպես մինչև օրս եղել է, այսուհետ էլ կշարունակի կանգնած լինել Ադրբեջանի կողքին»,- ասել է թուրք նախարարը։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել