Արցախում կայացել են ռուս խաղաղպահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպանների» բանակցությունները
 |tert.am|
13:47 - 07 դեկտեմբերի, 2022

Արցախում կայացել են ռուս խաղաղպահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպանների» բանակցությունները |tert.am|

tert.am: Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խմբի բանակցությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ տեղի են ունեցել Իվանյանում` խաղաղապահների շտաբում։

Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են օկուպացված Շուշի քաղաք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Արցախի բնապահպանության կոմիտեն ևս հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։ 

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել