Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան
 |news.am|
14:42 - 07 դեկտեմբերի, 2022

Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան |news.am|

news.am: Հնարավոր է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջին, որ այդ հանդիպման չպետք է ներկա լինի Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Դուք գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է երեկ տեղի ունեցել, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա  չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել