Հրապարակվել է Մնացականյանն ընդեմ Հայաստանի գործով վճիռը
15:55 - 07 դեկտեմբերի, 2022

Հրապարակվել է Մնացականյանն ընդեմ Հայաստանի գործով վճիռը

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (զուգակցված 14-րդ հեդվածով) խախտման վերաբերյալ դիմումատուի պահանջը, ինչպես նաև մերժել է Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ 
 
Սույն գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախկինում գործող Արդարադատության խորհուրդի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առհասարակ բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պաշտպանվող դատարանի մատչելիության իրավունքը։
 
Դիմումատուն սույն գործով պնդել էր որ իր, որպես դատավորի, լիազորությունների դադարեցումն իր կողմից կայացված դատական ակտի պատճառաբանված չլինելու հիմքով՝ խախտել է իր խոսքի ազատության իրավունքը։ Այս մասով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի պահանջը Կոնվենցիայով պաշտպանվող իրավունք չի պարունակել։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դիմումատուն երբևէ հրապարակային կարծիք չի արտահայտել, այլ ընդամենը կայացրել է դատական ակտ, որի պատճառաբանվածության հարցը Եվրոպական դատարանի իրավասության տիրույթից դուրս է։ Ուստի, Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի միջամտություն և գանգատն այս մասով ճանաչել է անընդունելի։
 
Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի փաստարկները խտրական վերաբերմունքի ենթարկվելու մասով ակնհայտ անհիմն են։ Ուստի գանգատն այս մասով մերժվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել