Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարը 
 |hetq.am|
16:06 - 09 դեկտեմբերի, 2022

Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարը |hetq.am|

hetq.am: 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, հոկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար: 

10 ամիսների ընթացքում այն ավելացել է 837.5 մլն դոլարով կամ 9.1%-ով: 

Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին, որը վերջին տարիներին զգալի տեմպերով է ավելանում: Հոկտեմբերի վերջին Հայաստանի ներքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 933 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով 1 մլրդ 356 մլն դոլարով կամ 52.6%-ով: Ներքին պարտքը գոյանում է հիմնականում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերի հաշվին: 

Փոխարենը՝ արտաքին պարտքը նվազել է: Հոկտեմբերի վերջի դրությամբ այն մոտ 6 մլրդ 130 մլն դոլար է, այսինքն՝ տարեսկզբի համեմատ նվազել է մոտ 519 մլն դոլարով կամ 7.8%-ով: Արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացված վարկերն են, փոխառությունները և եվրապարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները: 

Դրամային արտահայտությամբ պարտքի միտումներն այլ են: Քանի որ այս տարի դոլարը դրամի նկատմամբ 15-20%-ով նվազել է, պետական պարտքը դրամային արտահայտությամբ եւս նվազել է:

Հոկտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքը կազմել է 3 տրլն 980 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում նվազելով 10.1%-ով: 

Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը. այն 63.5% է։ Դա դեֆոլտ չէ, սակայն  հետագա տարիների բյուջեները պլանավորելիս Կառավարությունը պարտավորվել է աստիճանաբար նվազեցնել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը։ 2021-ին այն կազմել է 60.3%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022-ի տարեվերջին այն 51% կկազմի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել