Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան
11:48 - 14 դեկտեմբերի, 2022

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են հրավիրված, որոնք վերաբերում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։  

Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Օրեր առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը։

Խորհրդարանական լսումների սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ասաց՝ լսումներն էքստրաօրդինալ իրավիճակում են անցկացում՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված․ «Դրա հետ կապված մենք նաև այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ ենք ունենալու՝ 1-ից 1 անց կեսի կողմերը։ Կխնդրեմ, որ ռեգլամենտը պահենք, այսինքն՝ հարցերին, ելույթներին հատկացված ժամանակի մեջ փորձենք տեղավորվել, որ բոլորը հասցնեն իրենց կարծիքները արտահայտել։ Նաև ուզում եմ այս առիթով նշել, որ կարող են լինել քննադատություններ կամ տեսակետներ, որ մենք այս իրավիճակում  եկամուտների հայտարարագրման հարց ենք քննարկում, բայց սա որոշվել էր դեռևս երկու շաբաթ առաջ՝ հանձնաժողովի նիստում, և օրենքով մենք այս լսումները պետք է անցկացնենք, այսինքն՝ սա մյուս հարցի հետ խառնել չի կարելի։ Մյուս հարցը նույնպես խորհրդարանի ուշադրության կենտրոնում է գտնվում և այդ հարցով, ինչպես նշեցի, կլինի համապատասխան հայտարարություն Ազգային ժողովի կողմից»։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է դեպի Արցախ գազամատակարարումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել