Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|
13:00 - 14 դեկտեմբերի, 2022

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում: 

«Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը:

Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի անցումային ժամանակաշրջանում, որը նախատեսված է 5 տարվա հեռանկարով: Եվ դրա ավարտից հետո գործնականում արդեն ներդրված կլինեն հարկային մարմինների միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերը, առնվազն ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն այսպիսի գործընթաց է ընթանում:

Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել