Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողով
16:06 - 17 դեկտեմբերի, 2022

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողով

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գործունեության 7-ամյակին նվիրված համաժողով է անցկացրել, որը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 17-ին:

Համաժողովին ընդլայնված կազմով քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կառավարման խորհուրդը նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ  հայտարարություն է ընդունել։

Հայտարարության տեքստում ասվում է, որ, ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստանի՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանուն Հայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության երաշխավորումը, իսկ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։

Կարևոր կետերից մեկն այն է, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում, իսկ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները, շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել