Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին, պետք է գործեն միջազգային նորմերը․ Արտակ Բեգլարյան |azatutyun.am|
10:25 - 19 դեկտեմբերի, 2022

Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին, պետք է գործեն միջազգային նորմերը․ Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին և այստեղ պետք է գործեն միջազգային նորմերը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն, ով այս օրերին անժամկետ նստացույց է անում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ ակնկալելով միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։

Ընդգծելով, որ Արցախի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների և ուժային դիսբալանս կա, Բեգլարյանն ասում է՝ «միջազգային նորմերը դրա համար են, որ ուժեղներից և ագրեսիվներից, հանցագործներից թույլերին պաշտպանեն՝ հստակ արդարացի սկզբունքների հիման վրա»։

«Մենք ոչ թե խնդրում ենք միջազգային հանրությունից, որ մեզ պաշտպանեն, այլ մենք պահանջում ենք միջազգային հանրությանը, որ հստակորեն իրենց պատասխանատվությունը կատարեն, սա հենց իրենց ընդունած փաստաթղթերով է արձանագրված, ամրագրված», - ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը։

Պետք չէ միջազգային հանրության որևէ անդամ, այդ թվում՝ որևէ կազմակերպություն թաքնվի եռակողմ հայտարարության վարագույրի հետևում, նշեց Բեգլարյանը՝ շեշտելով՝ իրենք շատ ավելի բարձր պարտավորություններ ունեն ստանձնած։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ թե եռակողմ հայտարարությունն է խախտում, այլ Ադրբեջանն, առաջին հերթին, խախատում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և մարդասիրական միջազգային իրավունքը։ Սա է ամենակարևորը, նոր դրանից հետո եռակողմ հայտարարությունը, որովհետև եռակողմ հայտարարության մակարդակը շատ-շատ ավելի թույլ է։ Մեզ համար ցանկալի չէ, որևէ խախտում, բայց պետք չէ միջազգային հանրության որևէ անդամ, այդ թվում՝ որևէ կազմակերպություն, թաքնվի եռակողմ հայտարարության վարագույրի հետևում, որովհետև իրենք շատ ավելի բարձր պարտավորություններ ունեն ստանձնած»,- եզրափակեց Արցախի պետնախարարի խորհրդականը։

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել