ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել
 |armenpress.am|
12:55 - 20 դեկտեմբերի, 2022

ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:

«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում: Իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ:

«Սա ուղիղ կապված է խաղամոլության դեմ պայքարի մեր հանձնառության հետ»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները միտված են նրան, որ խաղամոլության տարածման այն ահագնացող տեմպը, որ այսօր կա, կարողանան կոտրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել