Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Արմեն Խաչատրյան
16:54 - 20 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Արմեն Խաչատրյան

ՀՀ-ն դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների ճանապարհով փորձում է այս հարցը լուծել, և այս պահի դրությամբ այլ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից։ Այն, ինչը հնարավոր է կիրառել կամ օգտագործել, ամբողջ գործիքակազմով օգտագործվում է։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ 

«Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ»,-ասաց Խաչատրյանը։ 

Արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը կատարել է իր պարտավորությունները, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Եթե ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները կատարեր, այն պարտավորությունները, որոնք մենք գտնում ենք, որ պետք է իրականացվեր, առաջին քայլը, որ պետք է աներ, իրավիճակին պետք է գնահատական տրվեր, պետք է գնահատական տրվեր Ադրբեջանի գործողություններին և պետք է հայտարարություն արվեր, որ Ադրբեջանը այս պահի դրությամբ ագրեսոր է և օկուպացրել է ՀՀ տարածքները, որին պետք է հետևեր մի շարք մեխանիզմների գործարկում՝ սկսած ռազմաքաղաքական, ռազմական և այլ օգնությունների տրամադրում»։  

Հարցին, թե օգնությունն ի՞նչ տեսքով է առաջարկվել, որ Հայաստանը չի ընդունել, Խաչատրյանն ասաց․«Չեմ կարող ասել՝ ինչ տեսքով օգնություն պետք է տրամադրվեր, ինչ են նկատի ունեցել, բայց ինչ օգնության մասին կարող է լինել խոսքը, եթե գնահատական չի տրվում Ադրբեջանի գործողություններին։ Օգնությունը տալիս են, որ ի՞նչ անենք, ո՞ւմ դեմ պայքարենք և ի՞նչ հարց լուծենք։ Այդ ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք։ Վստահություն չունեմ, որ զենք պետք է տային, գուցե հումանիտար օգնություն և այլն։ Կարծում եմ՝ նման բաներ եղել են, բայց եթե գնահատական չի տրվում, ինչի՞ համար են օգնություն տալիս, որ ի՞նչ անի Հայաստանը, ում դեմ պայքարի, այդ օգնությունը ինչի՞ կիրառի»։

Հարցին, թե ինչ պատասխանատվություն ունի Հայաստանը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում, Խաչատրյանն ասաց․ «Այդ ստորագրությունը դրվել է մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է, որ Ադրբեջանը, ՌԴ-ն և Հայաստանը համաձայն են, որ Լաչինի միջանցքի ողջ անվտանգությունը և վերահսկողությունը հանձնվում է ՌԴ-ի խաղաղապահ ուժերին։ Սրա համար ՀՀ-ն ստորագրել է։ Բացի դրանից՝ ՀՀ-ն անում է ամեն ինչ, ինչը հնարավոր է և ողջամիտ է։ Եթե ընդդիմությունը ունի այլ տարբերակներ և առաջարկ, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, ես կոչ եմ անում ընդդիմությանը, թող կոնկրետ գործողություններ նշի, թե ինչ կարող է անել ՀՀ-ն։ Ի՞նչ են առաջարկում, զորք հավաքենք, գնանք կռվե՞նք։ Ընդդիմության ասածը անուղղակի սա է նշանակում, և եթե համարձակություն անեն այսքանը ասեն, թող ասեն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել