Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը․ Բեգլարյան
11:01 - 21 դեկտեմբերի, 2022

Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը․ Բեգլարյան

Չեմ կարծում, որ խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

Անդրադառնալով բանակցությունների միջոցով  խնդիրը լուծելու տարբերակին, Բեգլարյանն ասել է,  «Եթե Ռուսաստանը կոշտ միջամտի քաղաքական ամենաբարձր մակարդակով, այո, կարող է, բայց բարձր հավանականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության մտքում կան կոնկրետ թեմաներ, որոնք իրենք բանակցային սեղանին կարող են դնել»։ 

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ «առևտո՞ւր», Արտակ Բեգլարյանը ասաց․ «Այո, առևտուր, թե՛ Ռուսաստանից պոկելու, թե ՛Հայաստանից։ Դա կարող է լինել նաև կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, կարող է լինել զուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցեր»։

Բեգլարյանի կարծիքով՝ Ռուսաստանը չի ցանկանում ամենաբարձր մակարդակով այդպիսի առևտրի մեջ մտնել, «Միգուցե գինը բավականին բարձր է։ Հիմա մենք խնդիր ունենք  ճնշումը  հնարավորինս մեծացնել բազմակողմանիորեն և՛ ուղիղ Հայաստան-Արցախ- Ադրբեջան հարաբերություններում, և՛ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա և՛ միջազգային այլ գործընկերներ ու Ադրբեջան, Թուրքիա։ Այս բոլոր մակարդակներում պիտի ճնշումը մեծացնենք։ Եվ թույլ տեղերին պետք է խփենք»։ 

Բեգլարյանն ասաց՝ թույլ տեղերը Ալիևի իշխանության ամրությունն է, թույլ տեղը նրանց տնտեսական ծրագրերն են, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերը․  «Պատկերացրեք՝ սփյուռքում 1 միլիոնանոց կամ 500-անոց կամ 100-անոց հանրահավաքներ լինեն։ Այդ հանրահավաքները այնքան մեծ ուշադրություն կգրավեն ժողովրդավարական երկրներում, որ իրենք կխուսափեն պայմանագիր կնքել»։ 

Հիշեցնենք, որ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել՝  Լաչինի միջանցքը բացելու պահանջով։

Արդեն 10-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս սադրանքի պատճառով  Արցախի 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել