Ադրբեջանցի «բնապահպանները»  դժգոհություն են հայտնել ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ
13:29 - 21 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանցի «բնապահպանները» դժգոհություն են հայտնել ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ

Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանական պատճառներով փակած ադրբեջանցիները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչած ելույթների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ նրանց՝ «այդ քննարկումները չեն արտացոլում իրական դեպքերը»։

Հայտարարության մեջ հատուկ մեղադրանք կա նաև՝ ուղղված Հայաստանին ու Ֆրանսիային, իբր վերջիններս «միջազգային հանրության մոլորեցնում են»։

Իրենց բնապահպան համարող ադրբեջանցիները նաև պնդում են, թե Լաչինի միջանցքը բաց է բոլորի համար՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու մեջ։

Նրանք նաև մեղադրել են ՄԱԿ-ին՝ նշելով, թե կազմակերպությունը «երկակի ստանդարտների գերի է դարձել»։

Նշենք՝ Լաչինի միջանցքը արդեն 10-րդ օրն է՝ փակ է։ Միջանցքով միայն մեկ անգամ և մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։

Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում: 

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։

Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել