Փաստի արձանագրման տեսանկյունից կոնսենսուս կա․ ավելի էական է, թե  ինչ ծավալով միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա․ Մամիջանյանը՝ ԱԽ նիստի մասին
13:53 - 21 դեկտեմբերի, 2022

Փաստի արձանագրման տեսանկյունից կոնսենսուս կա․ ավելի էական է, թե  ինչ ծավալով միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա․ Մամիջանյանը՝ ԱԽ նիստի մասին

Հայ Մամիջանյանը կարծում է, որ միջազգային հանրության շրջանում արդարության շուրջ կոնսենսուս կա, սակայն ավելի էական է, թե  ինչ ծավալով և ինչ ինտենսիվությամբ միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա, և արդյո՞ք դա կհանգեցնի խնդրի լուծմանը։ Այս մասին Մամիջանյանը հայտնել է՝ անդրադառնալով երեկ՝ ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստում, Լաչինի միջանցքի փակման հարցի վերաբերյալ քննարկմանը։

«Սա արդեն Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված, իշխանությունների աշխատանքի խնդիրն է։ Որովհետև, նորից փաստենք, աշխարհում որևէ մեկը չի վիճարկում, բացի թուրքերից, այն փաստը, որ (օրինակ եմ բերում) եղել է Հայոց ցեղասպանություն, ավելին ասեմ՝ երկրներից շատերը դա ընդունում են, բայց այս կամ այն շահերից ելնելով՝ չեն կարողանում դրան տալ պետական մակարդակի կարգավիճակ կամ ճանաչման կարգավիճակ։ Նույն իրավիճակը այստեղ է։ Այնպես որ, փաստի արձանագրման տեսանկյունից, այո՛, կոնսենսուս կա․ թե ինչ գործուն քայլեր կհետևեն դրան, այ դա արդեն կտեսնենք»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր ողջ գործիքակազմով Արցախի կողքին լինի․ «Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ գործիքակազմով (իսկ ՀՀ գործիքակազմը ենթադրում է թե՛ փափուկ և թե՛ կոշտ միջոցներ) պիտի լինիի Արցախի կողքին, որովհետև դա նախ գոյաբանական խնդիր է, և երկրորդ՝ զուտ սահմանադրաիրավական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխիք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։

Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում: 

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։

Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել