Պետք է փորձենք հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա․ Ռուբինյան
14:37 - 21 դեկտեմբերի, 2022

Պետք է փորձենք հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնաատում երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ 

«Կարծում եմ՝ շատ հաջող նիստ էր։ Ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը  պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև։ Նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամլո հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր։ Իմ տեղեկություններով՝ այն քննարկման փուլում է, և կտեսնենք ՝ ինչ արդյունքներ կլինեն։ Դա մի տեքստ է, որը կարող է ընդունվել միայն կոնսեսուսով։ Կսպասենք, կտեսնենք և ըստ այդմ մեր հետագա քայլերը կամ գետնի վրա հետագա իրադարձությունները պարզ կդառնան»։ 

Դիտարկմանը, որ նմանատիպ կոչեր հնչում էին նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, արդյոք չպե՞տք է ավելի կոնկրետ գործողություններ արվեն, Ռուբինյանն ասաց․ «Ես չէի համեմատի 44-օրյա պատերազմի ընթացքում հնչած կոչերը այս կոչերի հետ․ այս համատեքստում, նաև սեպտեմբերյան ագրեսիայի համատեքստում, այդ կոչերը շատ ավելի հասցեական են, շատ ավելի հստակ են և շատ ավելի կոշտ են։ Մենք պետք է փորձենք  հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա։ Երեկվա նիստից պարզ դարձավ, որ այդ ճնշումը մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղը ինքնին և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է»։ 

Ռուբինյանը նկատեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների․ «Բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը և դրա մեջ պարփակված պայմանավորվածությունների կարևորությունը, բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքի և դրա կարգավիճակը և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»։

Հիշեցնենք, որ ՀՀ դիմումի հիման վրա երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Արդեն 10-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս սադրանքի պատճառով  Արցախի 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել