Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից
 |factor.am|
17:36 - 21 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։

Ադրբեջանի ԱԳՆ-ում, մասնավորապես, նշել են, որ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին լուրերը կեղծ են։ Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, Արցախը շրջափակման մեջ չէ։ «Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։ Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,- ասվում է  հայտարարության մեջ։

Բացի այդ, Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին՝ պատասխանել Բաքվի առաջարկին, դադարեցնել, իբր, «քաղաքական ու ռազմական սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները՝ բոլոր հարցերին դիվանագիտական լուծում գտնելու համար»։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել