Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան
 |news.am|
09:36 - 22 դեկտեմբերի, 2022

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան |news.am|

news.am: Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ:

Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում Նախարարների կոմիտե, որն էլ կարող է քաղաքական միջոցներ ձեռնարկել:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Սահակյանը նշեց, որ դատարանը դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել:

 «Այստեղ կառավարության ձեւակերպումը ավելի լայն եմ տեսնում ԼՂ-ում բնակվող անձինք, իսկ դատարանը այլ չափանիշ է դրել` առողջական խնդիրներ ունեցող եւ ճանապարհորդող, որոնք ճանապարհին մնացել են առանց ապաստանի եւ գոյության միջոցների, ընդ որում հատուկ մատնանշված չէ հենց ԼՂ-ում ապրելու հանգամանքը, այսինքն` դատարանի կիրառած միջոցը, որոշակի առումով ավելի լայն է, քան կառավարության հայցումը, որովհետեւ չի սահմանափակվում միայն Արցախում բնակվող բնակիչներով, բայց մյուս կողմից էլ մի հատվածով նեղ է, որովհետեւ չափանիշ է դնում առանց ապաստարանի եւ գոյության միջոցների մնացած անձինք, ովքեր արգելափակվել են ճանապարհին, ինչը նշանակում է, որ եթե արգելափակվել են, բայց ապաստարանի տեղ ունեն, կամ ունեն բավարար միջոցներ ճանապարհին մնալու կամ ապրելու, այդ անձանց նկատմամբ չի տարածվում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել դատարանը եւ արձանագրել է նաեւ Լաչինի միջանցքի մարդասիրական նշանակությունը»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով` դատարանի այս տեսակի որոշումը ենթադրում է անհապաղ կատարում, Ադրբեջանը հենց այս պահից էլ պետք է սկսի այն ի կատար ածել:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել