Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան
11:33 - 22 դեկտեմբերի, 2022

Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին կարևորել է միասնական ջանքերը միջազգային հանրությանը հասցնելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի թեման։

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա։ Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:

Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Նման փորձերը սին են և հիմնազուրկ»,- նշեց Փաշինյանը։ 

Ի հավելումն Փաշինյանը նշեց, որ ՀՀ-Ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, որ իրենք պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը․ «Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ ՀՀ-ն  դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչ օր պատասխան չենք ստացել»։

Փաշինյանը հավելեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղության և կայունություն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել