ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը
 |hetq.am|
15:34 - 22 դեկտեմբերի, 2022

ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մանրամասները՝ Հայաստանի պահանջով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Եղիշե Կիրակոսյանը «ճիշտ և օբյեկտիվ իրականությունն արտացոլող» որակեց ՄԻԵԴ-ի որոշումը՝ նշելով, որ դրան պետք է հետևի նաև քաղաքական ուղղությամբ աշխատանքը:

Թեև ՄԻԵԴ-ը երեկ Ադրբեջանին պարտավորեցրել է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, սակայն ճանապարհը դեռ փակ է:

ՄԻԵԴ-ի որոշումը գործում է կողմերի ծանուցման պահից, այսինքն՝ երեկվանից: Հետևաբար Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից «գերքայլեր» չեն ակնկալում, իսկ կիրառվող գործիքակազմն ունի սահմանափակումներ: Կիրակոսյանի խոսքերով՝ ֆորմալ առումով Եվրոպական դատարանը նախարարների կոմիտեին ծանուցելու հնարավորություն ունի: Վերջինս, որպես քաղաքական մարմին, հետևում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ընթացքին: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է միջամտի այդ հարցերին՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

Միջազգային դատարանների մոտեցումները տարբերվում է ներպետական դատարանների մոտեցումներից: Միջպետական հարաբերություններում իրականությունը բազմաշերտ է և այս կամ այն կերպ խոչընդոտում է գործընթացներին: Սակայն, սանկցիաները միակ ռեալ միջոցներն են, որ պետության մոտ կարող են վարքագիծ փոխվել: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ սանկցիաներին հասնելը փոքր–ինչ դժվար է, սակայն անհույս վիճակ չէ: Պետք է անընդհատ աշխատել և իրավական գործընթացների արդյունքում կայացված որոշումները կարող են ազդեցություն ունենալ տարբեր ուղղություններով:

Ե. Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում պահանջ էր դրվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն ՄԻԵԴ-ն իր երեկվա որոշման մեջ նեղացրել է շրջանակը: Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի կողմից նման ձևակերպումներով որոշումն ունի պատճառներ ու Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներ: Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը շեշտադրել է կյանքի իրավունքի և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացումները, այլ ոչ ճանապարհն ընդհանրապես բացելը:

«Դատարանը երբեք նման բան չէր ասի: Դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների հետ: Ուրիշ ձև հնարավոր չէր անել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ արժևորելով և կարևորելով կայացված որոշումը:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանում հարցն ավելի խորացնելով՝ գուցե լրացուցիչ երաշխիքներ ստանան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են:

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում այլ շեշտադրումով է գործը քննվում՝ հիմնվելով ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթների վրա:

Ինչ վերաբերում է Արցախում պարենային անվտանգության հարցին, ապա Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին ներկայացրել են տեղեկություններ, այդ թվում՝ դեղորայքի անհրաժեշտության մասին: Ընթացքում այդ տեղեկատվությունը ևս թարմացվելու է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել