Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը
 |azatutyun.am|
10:18 - 23 դեկտեմբերի, 2022

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 22-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը:

«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»:

Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»:

Բայրամովը նաև պնդել է, թե Լաչինի միջանցքը «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»:

Բայրամովը Բորելին ասել է, թե «անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի օրենսդրությանը հակասող ապօրինի գործունեությունը Լաչինի միջանցքում»:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը»:

«Նախարարն ընդգծել է, որ մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում:

Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: Ադրբեջանական կողմը Բորելի մեկնաբանությունների վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն չի տարածել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել