Միրզոևան ասորիներին կոչ արեց իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին
 |armenpress.am|
12:06 - 23 դեկտեմբերի, 2022

Միրզոևան ասորիներին կոչ արեց իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ասորիներին իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին:

Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին:

«Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որը փորձեցին փաթեթավորել իբրև, այսպես կոչված, բնապահպանական ակցիա, Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում, այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք, ընդհուպ՝ մինչև տարբեր երկրների և կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում: Ըստ պատգամավորի՝ այդ ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի ՀՀ կառավարությունը, որը պետք է դաշնակից, գործընկեր երկրների հետ միջազգային կառույցներում հետևողական և անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի հիման վրա: Սակայն Միրզոևան այսօր նման հետևողականություն չի տեսնում:

ԱԺ-ում Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող պատգամավորը  նշեց. «Մեր համայնքը ևս խիստ մտահոգված է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել»:

Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն և հայրենազրկում: Պատգամավորը նշեց՝ այս տեսանկյունից, ցավոք, երկու ժողովուրդները շատ նման են:

Ապա ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից պատգամավորը դիմեց Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող սրտացավ ու մտահոգ ասորի ժողովրդին. «Սիրելի ասորիներ, ձեր բնակության երկրներում, ձեր քաղաքներում բարձրաձայնեք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին: Ես վստահ եմ, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարևոր լումա կներդնենք Արցախի և Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում:

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել