Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով
15:41 - 23 դեկտեմբերի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հաստատվել է չորս եռակողմ հայտարարություն։ Դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց, իհարկե, կցանկանայինք արագացնել։ Եվ անկախ նրանից, թե ինչ հարցեր են ծագում առօրյայում, ես համոզված եմ, որ առավել անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, բանակցել, վստահությունն ամրապնդել և բոլոր հարցերի լուծման համար հող ստեղծել»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ 

Ռուս դիվանագետը ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել արտգործնախարարների՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը։
«Այսօրվա համար մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել