Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|
10:25 - 24 դեկտեմբերի, 2022

Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել՝ կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել