Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»
14:30 - 24 դեկտեմբերի, 2022

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։ 

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ 

Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։ 

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։

Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։ 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել