Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար․ Հայաստանում Բելառուսի դեսպան |news.am|
12:49 - 26 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար․ Հայաստանում Բելառուսի դեսպան |news.am|

news.am: Պետք է այնպես անել, որ մարդիկ չտառապեն։ Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի Արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ մեկնաբանելով իրավիճակը Լաչինի միջանցքում։

Այս հարցում, նրա խոսքով, քաղաքական շատ այլ պահեր էլ կան հանգուցված։

«Բայց, մեր կարծիքով, սա ամենագլխավոր թեման է։ Այն պետք է լուծել որքան հնարավոր է արագ»,- նշեց դեսպանը։

Նա նաև հայտնեց, որ չի լսել, որ որևէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Կոնյուկը չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են։

«Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,- ընդգծեց դեսպանը։

Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։

«Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,- հավելեց նա։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել