Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին
11:44 - 27 դեկտեմբերի, 2022

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին։ Ստորև ներկայացնում ենք այն․

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։ 

Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են  ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։ 

Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող այլ գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է նաև յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։  Փաստացի, պարբերաբար խաթարվում է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։

 

Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային:

Այս ամենի հետ միասին, պետք է հաշվի առնել նաև, որ ճանապարհն արգելափակելուն զուգահեռ, Ադրբեջանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են լրացուցիչ զրկանքներ պատճառելուն և 120,000-ից ավելի մարդկանց բնականոն կյանքը անհնարին դարձնելուն: Խոսքը վերաբերում է ձմռան ամիսներին պարբերաբար գազի մատակարարումն Արցախ դիտավորությամբ դադարեցնելուն, որի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը: Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում  դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։ 

Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդասիրական և անմարդկային այս տևական քաղաքականությունը, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է  ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։

Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։ 

Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման  դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով: 

Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։ 

Հարգանքով՝

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ

  • «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ 

  • Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

     
  • «Այբ» կրթական հիմնադրամ

  • Հայ Կրթական Հիմնարկություն

  • Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)

  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ 

  • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ

  • ««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ»

  • Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ 

  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)

  • «Ես» կրթական հիմնադրամ

  • «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ 

  • «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն

  • Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ»,-նշված է նամակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել