Վարչապետի որոշմամբ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել
11:21 - 29 դեկտեմբերի, 2022

Վարչապետի որոշմամբ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր օրի սրվում է։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ-ի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի սահմանափակումներ են մտցվում։ Հանրությունը սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ․ «Խմբի խնդիրը ԼՂ իշխանության հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»։

Փաշինյանը հավելեց, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել