Անընդունելի է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում․ Զախարովա
13:43 - 29 դեկտեմբերի, 2022

Անընդունելի է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում․ Զախարովա

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է TACC-ը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Հրապարակային ոչ մի հարձակում նպաստավոր չէ գործի համար, ավելի վատ իրադրություններ են եղել։ Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է Արցախում ՌԴ խաղաղապահ զրախմբի գործունեությանը՝ նշելով․ «Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել