Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա
14:50 - 29 դեկտեմբերի, 2022

Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ հիմա Ռուսաստանի համար ստեղծվել է հնարավորություն՝ Հայաստանի կողքին կանգնելու ու նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը: Եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորությունների մասին է, Երևանի շահագրգռվածության դեպքում, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն»,- ասել է Զախարովան։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանը հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այդպիսի դիրքորոշմամբ ենք հանդես գալիս, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,-նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել