ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը
15:28 - 29 դեկտեմբերի, 2022

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել