Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
11:45 - 10 հունվարի, 2023

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է Մարուքյանը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել