Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Փաշինյան
14:59 - 10 հունվարի, 2023

Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Փաշինյան

Այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, ըստ որոնց՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունը սպառնալիք է ՀՀ-ի համար․ «Միևնույն ժամանակ ասում եք, որ նման իրվաիճակում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունը նպատակահարմար չէր։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ զորավարժությունը պետք է սպառնալիք լիներ թուրք-ադրբեջանական տանդեմի համար․ հարց է առաջանում, թե ինչը նպատակահարմար չէ, և արդյոք այս ֆոնին  ձեր Կառավարության գործողությունները հիմք չեն տալիս պնդումներ անելու, որ, օրինակ, ձեր իշխանությունը վախվորած քաղաքականություն կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն է վարում»,- հետաքրքրվեց լրագրողը։ 

Արձագանքելով՝ Փաշինյանը ասաց․ «Ձեր հարցի մեջ պատասխանը կար։ Ձեր հարցի տեքստը ուղղակի վերցնենք՝ որպես ելակետ։ Դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ի զորավարժությունը Հայաստանում սպառնալիք կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմին, հետևաբար դուք ինչո՞ւ զորավարժությունը ՀՀ-ում չեք անում։ Շատ պարզ պատճառով։  Ես ձեր տեքստի վրա հիմնվելով եմ պատասխանում․ ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասեց ՝ ցտեսություն, դե մենք գնացինք։ Պատկերացրի՞ք այդ իրավիճակը։ Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին որն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք։ Երբ ՀԱՊԿ-ը չի ասում՝ իր պատասխանատվության գոտին որն է, դա մեր համար ֆունդամենտալ խնդիր է։ Չի արձանագրում՝ կարմիր գիծը որտեղով է անցնում․ Սոթք Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում։ Մինչև մենք դա չիմանանք, այդ իրավիճակում կլինենք, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծենք թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք ձեր գործերին, մենք գնանք այդ տանդեմին դեմ հանդիման»։

Խոսելով վախվորածության մասին՝ Փաշինյանը ասաց, որ պետք է մաքսիմալ պատասխանատու գործել․ «Վազգեն Սարգսյանը ասում էր՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, կան հարաբերություններ, մենք պետք է այդ ամեն ինչի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն, ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով հնարավոր չի ունենալ, խաղաղություն հնարավոր է ունենալ դա վաստակելով։ Կա խոսույթ, որ հնարավոր է խաղաղություն ունենալ խաղաղությունը պարտադրելով, մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում, բայց որ խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է»։

Նրա կարծիքով՝ խաղաղության կարելի է հասնել առաջին հերթին դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը և տեսանելիությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով,  տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։ «Մենք խաղաղության կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել և զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Սա է խաղաղության բանաձևը և միջազգային հանրության ռեսուրսները, որ կարող են օգնել մեզ այս հարցում, այդ ռեսուրսները և հնարավորությունները պետք է օգտագործել»։

Հարցին՝ ՀԱՊԿ-ի վրա հույս չեք դնում, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եք, Փաշինյանը պատասխանեց․ «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ ձևով հավատալ դրան, եթե չես հատավում, ինչո՞ւ ես անում դա, եթե չենք հատավում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ենք անու՞մ։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել