Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա
14:45 - 12 հունվարի, 2023

Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություններ են։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ է»,- նշել է Զախարովան։ 

Զախարովան նշել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանման գործում։

«Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Ավելին, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինվորականներին դռան տեղը ցույց տալ, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետեւանքները»,- ասել է Զախարովան։ 

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ, ասում է, որ իրենք մտավախություններ ունեն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել