Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան
17:54 - 13 հունվարի, 2023

Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Քաղաքացին 2022թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ ինքը մանկատան նախկին սան է և չունի որևէ սեփականություն: Անձի տեղեկացմամբ ինքը եղել է մանկատան սան, որից հետո իր կամքին հակառակ, տեղափոխվել է հատուկ դաստիարակչական դպրոց: Կրթություն ստանալուց հետո աշխատելիս անձն ապրել է վարձակալությամբ։

Նրա պնդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ իր դիմումներն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում Կառավարության 2019թ.-ի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված մանկատան շրջանավարտ:

Քաղաքացին դիմել է Պաշտպանին իր իրավունքների պաշտպանության ապահովման և իրեն բնակարան տրամադրելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նախարարությունից, որին ի պատասխան մի քանի անգամ տրվել են տարբեր պատասխաններ։ Նշվել է, որ տվյալ անձը չի հանդիսանում հայաստանյան մանկատան շրջանավարտ կամ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում նախարարության կողմից բարձրացվել է հարցը, որ անձի՝ մանկատանը մնալու ընթացքում դեռևս ՀՀ-ն որպես պետություն չի եղել, եղել է ՀԽՍՀՄ:

Բողոքի քննարկման ընթացքում՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանի ներկայացուցչի և նախարարության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում անձին տրամադրվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք։ Անձը որոշ ժամանակ անց կարողացել է գնել բնակարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել