Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|
12:49 - 14 հունվարի, 2023

Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|

1lurer.am:  Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի (ըստ դիվանագետի՝ միջանցքը Ադրբեջանի տարածքում է՝ խմբ․)՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ, որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի՝ խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:

Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որ հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին՝ իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։

Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով՝ բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ: Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին՝ անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը ու կանխարգելիչ դիվանագիտությունը՝ նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:

 

Լուսանկարը՝ ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության / ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել