Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ․ Արայիկ Հարությունյան
16:58 - 16 հունվարի, 2023

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահւ աշխատակազմից։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:

«Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին»,- նշված է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել