Բիշքեկն ամենաաղտոտված քաղաքն է, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վնասակար է. IQAir |armenpress.am|
17:35 - 16 հունվարի, 2023

Բիշքեկն ամենաաղտոտված քաղաքն է, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վնասակար է. IQAir |armenpress.am|

armenpress.am: Օդի աղտոտվածության մակարդակով աշխարհում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Այս մասին տեղեկանում ենք www.iqair.com կայքից, որը հրապարակում է օդի որակի վարկանիշը։

Ըստ կայքի՝ Ղրղզստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը կազմում է 304 AQI (օդի որակի ինդեքս), ինչը համապատասխանում է «վտանգավոր» մակարդակին։

Երկրորդ տեղում Մումբայն է (Հնդկաստան)՝ 215 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է որպես ,շատ վնասակարե: Երրորդ հորիզոնականում է Դաքան (Բանգլադեշ)՝ 198 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է «վնասակար»։

Այս ցուցակի առաջին տասնյակում են Տաշքենդը (Ուզբեկստան), Բաղդադը (Իրաք), Դելին, Կալկաթան (Հնդկաստան), Աքրան (Գանա), Կարաչին (Պակիստան), Կատմանդուն (Նեպալ): Թեև Հայաստանը ցանկում առանձին տեղ չի զբաղեցրել, սակայն կայքում նշվում է, որ Երևանում օդի աղտոտվածությունը կազմում է 176 AQI, ինչը համապատասխանում է «վնասակար» մակարդակին:

Օդի «լավ» մակարդակ ունեցող քաղաքների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ), որին հաջորդում են Վանկուվերը (Կանադա), Սիեթլը (ԱՄՆ), Պորտլենդը (ԱՄՆ), Սիդնեյը (Ավստրալիա):

Ինչ վերաբերում է այս պահին աշխարհի ամենաաղտոտված քաղաքը համարվող Բիշքեկին, այնտեղ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առաջին անգամ սկսվել են 2017 թ. նոյեմբերին, երբ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը սկսել է մի քանի անգամ գերազանցել առավելագույն թույլատրելի նորմաները։

Այդ ժամանակից ի վեր Բիշքեկի օդը մոտավորապես նոյեմբերի կեսերից մինչև փետրվարի կեսերը համարվում է աշխարհում ամենաաղտոտվածներից մեկը:

Տեղի բնապահպանների կարծիքով՝ սա նաև բազմահարկ շենքերով քաղաքի քաոսային կառուցապատման հետևանքն է, որոնք փակել են լեռների կողմից քամու հոսանքները: Որպես աղտոտման պատճառ նշվում է նաև բնակչության կողմից ձմռանը ածխի զանգվածային օգտագործումը մասնավոր տների ջեռուցման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել