ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնելու ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով |armenpress.am|
16:18 - 17 հունվարի, 2023

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնելու ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս առաջացնելով․ «Այս փաստերն անվիճելի են»։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ:

Նիստին, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնելու անխափան տարանցումը՝ պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես դուք (խմբ.՝ Արարատ Միրզոյանը) մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով: Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար», - ասել է Մայքլ Քարփենթերը։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին ապահովելու հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ:

«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- նշել է Քարփենթերը:

«Ես նաև ակնկալում եմ Լեհաստանի նախագահի Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսելու բովանդակալից բանակցությունները՝ իրենց վեճերը լուծելու համար։

«Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննելու ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է Մայքլ Քարփենթերը:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմանիորեն՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից, Արցախում ընդհատված է գաղամատակարարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել