Արցախում շրջափակված են մնացել նաև ասորիներ. Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ
17:28 - 17 հունվարի, 2023

Արցախում շրջափակված են մնացել նաև ասորիներ. Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Արցախում շրջափակված են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ։ Այս մասին ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հայտարարեց ԱԺ հունվարի 17-ի նիստի հայտարարությունների ժամին: 

Նա միջազգային կառույցներին և առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ արեց պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի նկատմամբ:

Պատգամավորն ընդգծեց, որ արդեն 36 օր է՝ արցախցիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմակայում են իրենց դեմ իրականացվող հակամարդկային գործողությունների:

«Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքն ավելի ցինիկ դիմագիծ է ձեռք բերել, քանի որ մարդկության դեմ հանցագործություն կատարողները թաքնվում են «բնապահպանների» դիմակի տակ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը հումանիտար լրջագույն աղետ է առաջացել Արցախի Հանրապետությունում: Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ, որոնք չենք կարողանում վերադառնալ «կյանքի ճանապարհի» փակ լինելու պատճառով»,- ասաց պատգամավորը:

Միրզոևան նկատեց՝ ցավոք, Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել միջազգային հանրության, բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջանցքը բացելու կոչերին:

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, առանցքային դերակատարում ունեցող երկրները պատժամիջոցներ սահմանեն 120 հազար մարդու շրջափակման մեջ պահող երկրի՝ Ադրբեջանի և նրա առաջնորդների նկատմամբ»,- ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և կառույցներին գործուն քայլեր ձեռնարկելու՝ կանխարգելելու համար Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որի զոհն են դառնում ոչ միայն հայերը, այլ նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել