Միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքի փոխարեն. Թադևոս Ավետիսյան |armenpress.am|
18:01 - 17 հունվարի, 2023

Միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքի փոխարեն. Թադևոս Ավետիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու քաղաքականության համատեքստում Արցախում, Հայաստանում և սփյուռքում համահայկական համախմբման, միասնական դիմադրության, պայքարի կոչ արեց՝ մինչև հաղթանակ:

Ավետիսյանը այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Շրջափակման մեջ է հայտնվել Արցախի Հանրապետության փաստացի 120 հազար բնակչություն, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաներ, որոնք այսօր թերսնման վտանգի առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը պարզ է: Դրա մասին նրանք արտահայտվում են բացահայտ՝ առանց վախենալու և վարանելու»,- ասաց Ավետիսյանը:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանն այս փուլում ծրագրված կերպով ցանկանում է Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել Արցախի պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, հումանիտար աղետ ստեղծել և հասնել Արցախի հայաթափմանը:

«Խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները, խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները: Սա արվում է մեկ իրական նպատակով, բառիս բուն իմաստով՝ դա ցեղասպանություն է ու հայրենազրկում: Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակում միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը, որը բխում է առավելապես իրենց շահերից՝ փոխարեն Արցախի, արցախցու կյանքի»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ Արցախը չի կարող լինել և գոյատևել Ադրբեջանի կազմում:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել