«Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխայի»․ Թովմասյանը հրատապ նամակներ է ուղարկելու միջազգային իրավասու մարմիններին
11:49 - 18 հունվարի, 2023

«Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխայի»․ Թովմասյանը հրատապ նամակներ է ուղարկելու միջազգային իրավասու մարմիններին

Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար, երեխաներից մեկն ուշաթափվել է․ հրատապ նամակներ եմ պատրաստում միջազգային իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։ Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։

Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։

Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։

Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Հենց այս երեխաներին տեղափոխող ավտոբուսն էլ կանգնեցրել են ադրբեջանցիները։

Լուսանկարը՝ ԱԺ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել