ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ
13:57 - 18 հունվարի, 2023

ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ

Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար:

«Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը:

Արձագանքելով Հայաստանի նախագահին Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել