ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը ապահովելու կոչ է արել
10:04 - 19 հունվարի, 2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը ապահովելու կոչ է արել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Վոլքեր Թյուրքը կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը։ Այս մասին նշված է հանձնակատարի թվիթերյան միկրոբլոգում։

«Սննդի, դեղորայքի և կենսական այլ ապրանքների ու ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական տուժած բնակչության իրավունքների իրացման համար»,- նշել է նա։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել