ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացելու Լաչինի միջանցքը
15:08 - 19 հունվարի, 2023

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացելու Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամին։

Նա նշել է, որ իրեն մտահոգում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի անկայուն մարդասիրական իրավիճակը։

«Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։

Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծելու իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և շարունակելու ջահնքեր գործադրել այս ուղղությամբ»,- նշել է նա։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել