ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է |armenpress.am|
14:58 - 20 հունվարի, 2023

ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատեց, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Սեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Նշենք, որ այժմ դեսպանի մասնակցությամբ համաժողով է տեղի ունենում Սիսիանում։

Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:

«Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:

Նա նաև նշեց, որ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար: 

«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում»,- ասաց դեսպանը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը:

«Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին՝ հավելելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար:

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել