«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է
10:03 - 23 հունվարի, 2023

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Դիվանագետը նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։

«Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ արգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է Կլաարը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 42 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը վերականգնվել է որոշ սահմանափակումներով։ Պետական հաստատությունները անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել